Ավարտվեց Պ. Ի. Չայկովսկու անվան միջազգային մրցույթը, որն այս տարի հոբելյանական էր՝ թվով 15-րդը, և նվիրված էր ռուս մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 175-ամյակին:
Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթին այս տարի մասնակցության հայտ էին ներկայացրել 623 երաժիշտ-կատարողներ 45 երկրներից:
Հայաստանը հոբելյանական մրցույթին ներկայացված էր 3 մասնակցով, ովքեր հանդես էին գալիս «Մեներգեցողություն» անվանակարգում. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, միջազգային մրցույթների դափնեկիր Մանե Գալոյան (սոպրանո), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի 2015 թ. շրջանավարտ Հովհաննես Ներսեսյան (բաս), Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Հովհաննես Այվազյան (տենոր):
Երիտասարդ տաղանդավոր երգչուհի Մանե Գալոյանը հիանալի է հանդես եկել մրցութային պայքարի բոլոր փուլերում և արժանացել Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին՝ բրոնզե մեդալ և 10000 ԱՄՆ դոլար:
Մրցույթի դափնեկիրների շարքում էր նաև ռուսաստանաբնակ հայազգի ջութակահար, միջազգային տարբեր մրցույթների բազմակի դափնեկիր Հայկ Ղազազյանը, ում նույնպես բաժին հասավ Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի 3-րդ մրցանակը:
Ի դեպ, մրցույթի Գրան-պրիի դափնեկիր-երաժշտի անունը հայտնի կդառնա հուլիսի 2-ին՝ Սանկտ Պետերբուրգում կայանալիք դափնեկիրների գալա-համերգում:
Չայկովսկու անվան միջազգային մրցույթի Գրան-պրի մրցանակը միջազգային մրցույթների պարգևների շարքում ամենամեծ դրամական մրցանակն է` 100000 ԱՄՆ դոլարի չափով, որը գումարվում է մրցույթի 1-ին մրցանակին (30000 ԱՄՆ դոլար):